ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը դեկտեմբերի 29-ին հանդիպել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների համակարգող խմբի ներկայացուցիչների հետ, ովքեր մեկ անգամ ևս նախարարին ներկայացրել են իրենց անհանգստացնող երկու հիմնական հարց՝ աշխատավարձի պարտքի մարման և «Նաիրիտի» հետագա գործարկման հարցերը։
Նախարար Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին կրկին վստահեցրել է, որ նրանց կողքին է և պատրաստ է օրենքի շրջանակներում պաշտպանել նրանց իրավունքները։
Ինչ վերաբերում է աշխատավարձի խնդրին, ապա նախարարը նշել է, որ «Նաիրիտի» աշխատակիցները մինչև հունվարի 20-ը կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ։ Նախարարի խոսքով՝ աշխատավարձի գծով պարտքի մարման հարցում պետք է ցուցաբերել միասնական մոտեցում և չտարանջատել նախկինում աշխատանքից ազատվածների խնդիրը: Իսկ որպես պարտքի մարման հնարավոր տարբերակ կարող է դիտարկվել «Նաիրիտի» գույքի այն մասի օտարումը, որը հետագա գործարկման ընթացքում գործարանին այլևս պետք չի գա։
«Նաիրիտի» գույքը ներկայումս գրավադրված է ԱՊՀ Միջպետական բանկում: Նախարարը տեղեկացրել է, որ այն գրավադրումից հանելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել և արդեն կան դրական միտումներ:
Ինչ վերաբերում է «Նաիրիտի» վերագործարկման խնդրին, ապա դրան հնարավոր կլինի անդրադառնալ Համաշխարհային Բանկի մասնագետների կողմից առաջիկայում իրականացվելիք ուսումնասիրություններից հետո, որոնց արդյունքները պարզ կլինեն փետրվարին։