Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.12.2014

Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցությունը մեծ ներուժ ունի

Դեկտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել  Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը: Նիստին մասնակցել են  հանձնաժողովի անդամները, ինչպես նաև երկու երկրների նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնատար անձինք: Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը բացել են հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևը:

Նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է Երևանում հյուընկալված գործընկերներին և նշել, որ Հայաստանի ու Թուրքմենստանի հարաբերությունները հիմնված են բարի ավանդույթների բարեկամության, համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա: Հայ-թուրքմենական դիվանագիտական հարաբերությունների հիմքը դրվել է դեռ 1992 թվականին: Այսօր արդեն հայ-թուրքմենական համագործակցությունը նշանակալի արդյունքների է հասել:

-Հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների խորացմանը նպաստում է միջպետական քաղաքական երկխոսության բարձր դինամիկան,- ասել է Երվանդ Զախարյանը: -Մեր պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունները նպաստում են առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Նախարարը նշել է, որ այս տարվա ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի ժամանակ մեկ անգամ ևս կարևորվել է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ երկու երկրների միջև հեռանկարային ոլորտներում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

-Ես կարող եմ վստահ ասել, որ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը յուրօրինակ լոկոմոտիվ է՝ նախատեսված ծրագրերի և համաձայնագրերի իրականացման համար:  Փորձը ցույց է տալիս, որ համատեղ աշխատանքի շնորհիվ, մենք կարող ենք հասնել զգալի արդյունքների,- ասել է Երվանդ Զախարյանը:

Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտ 12,5 մլն. դոլարի սահմաններում է, սակայն այն ավելացնելու հնարավորությունները մեծ են, և Երևանը պատրաստ է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ:

Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի թուրքմենական կողմի համանախագահ, Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրդի Տոյլիևն իր հերթին բարձր է գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տնտեսական փոխգործակցությունն առաջիկայում կզարգանա նոր թափով:

-Հայաստանը մեզ համար պոտենցիալ գործընկեր է տնտեսական բնագավառում և մենք ցանկանում ենք ամրապնդել կապերը՝ տնտեսության տարբեր ոլորտներում,- ասել է Սապարդուրդի Տոյլիևը: -Մենք նույնպես կարևորում ենք  ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը, ինչի ներուժն իսկապես կա:

Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգում ընդգրկված էին երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Կարևորվել է Երևան-Աշգաբադ ուղիղ ավիաչվերթներ կազմակերպելու խնդիրը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը վերաբերող խնդիրները, ինչպես նաև, ստանդարտացման և պետական վերահսկողության, վառելիքաէներգետիկ, տրանսպորտի և կապի, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում, կրթության և գիտության, ինչպես նաև մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցերը:

Նիստի ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությունը:

Կողմերը պայմանավորվել են հանձնաժողովի 7-րդ  նիստն անցկացնել Աշգաբադում` 2015 թվականին: