Դեկտեմբերի 22-ին, տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը:
Տոնի կապակցությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հյուրընկալել էր էներգահամակարգի աշխատակիցներին: Երվանդ Զախարյանը երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով խրախուսել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի «Էներգակապ» մասնաճյուղի խորհրդական Ֆելիքս Հակոբջանյանին, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի էլեկտրաեռակցող Էդուարդ Թովմասյանին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Զանգեզուրի» մասնաճյուղի տնօրեն Գրիշա Հայրապետյանին, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մելսիկ Բարխուդարյանին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 35/110 կՎ էլեկտրական ցանցերի շահագործման մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի տեղակալ Համազասպ Չամյանին: Համակարգի մոտ յոթ տասնայակ աշխատակիցներ բարեխիղճ աշխատանքի համար արժանացել են նախարարի պատվոգրերի ու շնորհակալագրերի: Էներգետիկի օրվա կապակցությամբ Հայաստանի 25 էներգետիկներ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խոհրդի կողմից արժանացել են վաստակավոր էներգետիկի կոչման:
Նախարար Երվանդ Զախարյանը շնորհավորել է բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ ու նշել.
-Հայաստանի էներգետիկներն այսօր տոնում են նշանակալի մի իրադարձություն ևս՝ էներգահամակարգի 111-ամյակը: Մեր երկրի տնտեսության մեջ 111-ամյա պատմություն ունեցող էներգետիկան մեծ ճանապարհ է անցել: Զարգացած, հուսալի և անվտանգության բարձր մակարդակ ունեցող էներգահամակարգը մեր երկրի կայուն զարգացման և տնտեսական առաջընթացի հիմնական գրավականն է: Այդ ձեռքբերումների հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները,- ասել է Երվանդ Զախարյանը:
Նախարարն ամփոփել է 2014 թվականին էներգետիկ ոլորտում ունեցած ձեռքբերումները, խոսել է նաև խնդիրների ու անելիքների մասին: Երվանդ Զախարյանն անդրադարձել է նաև այն մարտահրավերներին, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանի էներգահամակարգը: «Հարգելի էներգետիկներ, համոզված եմ, որ սկզբունքայնությամբ ու մասնագիտական պատվախնդրությամբ, կուտակված փորձով և աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներով միասին կկարողանանք արդյունավետ լուծել առաջադրված խնդիրները» ,-ասել է Երվանդ Զախարյանը: