Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

19.12.2014

Երվանդ Զախարյանը հանդիպել է KFW բանկի ներկայացուցիչների հետ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է Զարգացման վարկերի բանկի /KFW բանկի/ ներկայացուցիչներ Էվա Վիթի, Լարս Օերմանի և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել KFW բանկի ներկայացուցիչներին համագործակցության և Հայաստանում իրականացված ծրագրերի, մասնավորապես՝ հաջողությամբ և սահմանված ժամկետում ավարտված <Գյումրի-2> 220կՎ հզորությամբ ենթակայանի վերակառուցման ծրագրի համար:

Բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի 2-րդ փուլը /առաջին փուլի պայմանագիրը ստորագրվել է վերջերս/ առաջին փուլին զուգահեռ իրականացնելու հնարավորությունը:

      KFW բանկի ներկայացուցիչները դրական դիրքորոշում են հայտնել այդ հարցի վերաբերյալ, նշելով, որ այդկերպ կօպտիմալացվեն այդ ծրագրի համար նախատեսված ծախսերը:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը հնարավորություն կտա Հայաստանից Վրաստան էլեկտաէներգիայի փոխանակման հոսքերը հասցնել մինչև 700 ՄՎտ-ի, բացի դրանից հնարավորություն կտա Հայաստանի էներգահամակարգին զուգահեռ աշխատել Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ:

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է սկսել 2015 թվականին և ավարտել մինչև 2018 թվականը:

Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման ծրագրերը նոր որակ կհաղորդեն տարածաշրջանային էներգահամակարգերին ինտեգրման գործընթացին: