Դեկտեմբերի 19-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հյուրընկալել է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների տնօրեններին ու բազմավաստակ մասնագետներին:
Հանրապետության ընդերքի բնագավառում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հուշամեդալներով պարգևատրել է ոլորտի երկարամյա աշխատակիցներին:
«Ընդերքի բնագավառում նշանակալի ավանդի համար» ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հուշամեդալով խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վաստակավոր երկրաբան Սաբիր Ստեփանյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Յուրի Աղաբալյանը, «Թեղուտ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի էլեկտրամոնտյոր Գագիկ Մելիքյանը:
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար: Նախարարը նշել է, որ տասնամյակների ավանդույթ ունեցող հանքարդյունաբերությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Ամփոփելով անցնող տարին՝ Երվանդ Զախարյանը արձանագրել է, որ չնայած 2013 թվականի համեմատ 2014 թվականին հանքարդյունաբերության ոլորտում որոշակի հետնահանջ է գրանցվել, այնուամենայնիվ հանքարդյունաբերողները շարունակում են մնալ հանրապետության խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում: Նախարարը նշել է նաև, որ անցած տարի ոլորտի հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվել:
-Մեր համատեղ ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ կառավարմանն ու շահագործմանը,-ասել է Երվանդ Զախարյանը:
-Մենք սերունդների առաջ պատասխանատվություն ունենք, ուստիև՝ իրավունք չունենք անխնա շահագործել ընդերքը:
Երվանդ Զախարյանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով, մաղթել առողջություն ու բեղմանվոր տարի: