Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ավարտին՝ դեկտեմբերի 16-ին, Թեհրանում, ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք կնպաստեն հայ-իրանական տնտեսական համագործակցության ակտիվացմանը: Երկու օր շարունակ աշխատանքային հինգ խմբերը քննարկել են տնտեսական ոլորտի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք ի մի են բերվել «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագրում»:
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքները գնահատել է բավական արդյունավետ:
-Ստորագրվել են երկու կարևոր փաստաթղթեր՝ «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը», ինչպես նաև, «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը»: Բոլոր այդ փաստաթղթերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Իրանի տնտեսության համար,- նիստի ավարտին, արդյունքներն ամփոփելիս ասել է Երվանդ Զախարյանը։
-Հուշագրում ներառված են տնտեսության բոլոր ճյուղերը՝ էներգետիկա, առևտուր, բանկային ոլորտ, բնապահպանություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ և այլն։
Հայ-իրանական էներգետիկ ծրագրերից նախարարն առանձնացրել է 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության ծրագիրը, որը հնարավորություն կտա Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 350 ՄՎտ-ից հասցնել միչև 1200 ՄՎտ-ի:
-Իրանական կողմի հետ պայմանավորվեցինք շինարարությունը սկսել 2015 թվականի մարտին և ավարտել այն 18 ամսվա ընթացքում: Այդ գծի շինարարությունը հնարավորություն կտա Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի առաքումը ներկայիս 1մլրդ 200մլն կվտ/ժ-ից հասցնել մինչև 7 մլրդ. կվտ/ժ,- ասել է Երվանդ Զախարյանը:
-Հաջորդ ստորագրված փաստաթուղթը վերաբերում է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությանը։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն շինարարության նախապատրաստական աշխատանքները պետք է ավարտվեն 2015 թվականի հոկտեմբերին, որից հետո արդեն կսկսվի Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը, որը կտևի 5 տարի։
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում Հայաստանի կառավարության յոթ փոխնախարարներն ու պատվիրակության մյուս անդամները իրանցի գործընկերների հետ քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու շուրջ:
Քննարկվել է նաև Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, կողմերը պայմանավորվել են հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավորինս բացառել այդ դեպքերը։
Մասնավորապես երկու երկրների առևտրային պալատները համաձայնել են մեկ տարվա ընթացքում կազմակերպել տնտեսական, առևտրային և ներդրումային համաժողովներ Թեհրանում և Երևանում: Կողմերը համաձայնել են <<Իրան-Հայաստան բարեկամության օրեր>> նշելու նպատակով համապատասխան պայմաններ ստեղծել գեղանկարչական ցուցահանդեսների, երգի, թատերական ներկայացումների, ինչպես նաև երկու երկրների անհատ կատարողների ծրագրերը ներկայացնելու համար: Դրանից բացի պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկների տարածքում ընդհանուր մշակութային արժեքների վերաբերյալ ֆիլմեր նկարահանելու ուղղությամբ:Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներին 2015-2016 ուսումնական տարվա համար տրամադրել 3 կրթաթոշակային տեղ:
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանի և Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Նախարարները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցության հարցերն ու առաջիկա անելիքները: