Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

17.12.2014

Պատրաստ է էներգահամակարգի կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթը

   Դեկտեմբերի 17-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալներ Իոսիֆ Իսայանն ու Արեգ Գալստյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել են «Էներգահամակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման, կորուստների հաշվարկների և դրանց նվազեցմանն ուղղված առաջարկությունների»  փաթեթը:

  Նրանց խոսքով՝ հանրապետության ղեկավարության հանձնարարությամբ ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կարգադրությամբ, 6 ամիս առաջ ստեղծվել է աշխատանքային խումբ` էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական և փաստացի կորուստների մեծությունները, առաջացման աղբյուրներն ու պատճառներն nւսումնասիրելու նպատակով:

Աշխատանքային խմբում ընդգրկվել են նախարարության և էներգետիկայի ոլորտի փորձագետները:

  Հետազոտությունների արդյունքները պարբերաբար քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ: Արդյունքում՝ մշակվել է  առաջարկությունների փաթեթ, ուղղված ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանն ու կորուստների նվազեցմանը:

  Մշակված 24 առաջարկություններից 13-ը ունեն կազմակերպչական և նորմատիվաիրավական բնույթ, իսկ մնացածը՝ ուղղված են օգտագործվող սարքերի և սարքավորումների, հաշվառման համալիրների և դրանց ուրվակների /սխեմաների/ արդիականացմանը:

  Աշխատանքային խմբի կողմից կատարված փորձագիտական գնահատմամբ փոքր ներդրումներ պահանջող առաջարկությունների իրականացումը մոտ 2 տարվա ընթացքում կբերի փաստացի կորուստների նվազմանը 1-1,2%-ով, այդ թվում՝ տեխնոլոգիական կորուստների նվազմանը՝ 0,3-0,5%-ով: Ամբողջությամբ առաջարկությունների իրականացումը նախնական գնահատմամբ կբերի փաստացի կորուստների նվազմանը շուրջ 2%-ով: