Դեկտեմբերի 8-9-ը, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի է ունեցել Էներգակիրների հուսալի և անխափան տարանցում խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Էներգետիկ խարտիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնած համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում էներգետիկ անվտանգության, էներգակիրների տարանցման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության հարցերը:
Էներգակիրների հուսալի և անխափան տարանցում խորագրով համաժողովը հնարավորություն է տվել քննարկել էներգետիկայի բնագավառում առանձին երկրների հետ երկկողմ համագործակցության խնդիրներն ու հնարավորությունները:
Համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ողջունելով մասնակիցներին նախարարը նշել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման ներկայիս տեմպերը բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, ինչը ստիպում է շատ երկրների, այդ թվում նաև Հայաստանին, համապատասխան քայլեր ձեռնարկել ու մեծացնել վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգետիկայի բաժինը՝ ընդհանուր էներգաարտադրության մեջ, ինչպես նաև խթանել տնտեսության բոլոր ոլորտներում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման գործընթացը:
Երվանդ Զախարյանի խոսքով, չնայած Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է էներգիայի սկզբնական աղբյուրների ներմուծման հանգամանքից, այնուամենայնիվ, էներգետիկ ոլորտը Հայաստանում հանդիսանում է շահութաբեր և ամբողջությամբ ծածկում է երկրի ներքին պահանջարկը: Դրանից բացի Հայաստանը փոխշահավետ հիմունքներով և հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հետ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը կայուն զարգացման գործընթացներում բավական մեծ ուշադրություն է դարձնում էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացմանը:
Նրա խոսքով Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության հիմքում դրված է միջուկային, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտների զարգացումը, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների օգտագործումը, առաջնային էներգետիկ ռեսուրսների փոխադրման ուղիների դիվերսիֆիկացիան,ինտեգրումը տարածաշրջանային էներգետիկ շուկաներին:
«Համաժողովի կարևորագույն նպատակն է առաջիկա տարիների համար էներգամատակարարման ոլորտում ստեղծել կայուն համագործակցության հիմքեր,-ասել է Երվանդ Զախարյանը,- համոզված եմ, որ դա լիովին իրատեսական նպատակ է, եթե համատեղենք մեր ուժերը»:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: