ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերը: Մասնավորապես առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային ու մաքսային ոլորտներում, ինչպես նաև էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարները և հնարավորությունները:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի՝ մասնավորապես վերականգնվող էներգետիկայի և էներգախնոյողության ոլորտների ներդրումային ծրագրերը: Նա լեհ գործընկերներին հրավիրել է մասնակցելու այդ ծրագրերին: Տեղեկացնենք, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի հանդեպ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա:
Նիստի ավարտին ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի արձանագրությունը:
Այցի շրջանակում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչինսկու, գյուղատնտեսության նախարար Մարեկ Սավիցկու, արտաքին գործերի փոխպետքարտուղար Արթուր Նովակ-Ֆարի հետ:
ՀՀ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել ու խորհրդակցել են նաև լեհ գործարարների հետ:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 2010թ. մարտի 12-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ» hամաձայնագրի համաձայն: Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել 2010թ. հուլիսի 13-ին` Երևանում, երկրորդ նիստը` 2011թ. հուլիսի 7-8-ը Վարշավայում, երրորդ նիստը` 2013թ. ապրիլի 21, 22-ին՝ Երևանում: Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, իսկ լեհական կողմի նախագահը` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը: