Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.11.2014

Վերանայվում են էլեկտրաէներգիայի կորուստների պատճառները

  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝  նվիրված էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի բարելավման հարցերին,  կորուստների առաջացման պատճառներին ու դրանց նվազեցման հնարավորություններին:

  Խորհրդակցությանը մասնակցել են էներգահամակարգի բոլոր օղակները՝ արտադրող  կայանների, «Գազպրոմ Արմենիա»,  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» և  ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովի անդամները:

  Նախարարության աշխատանքային խմբի կողմից վերոնշյալ խնդիրների շուրջ արդեն իսկ կատարվել են ուսումնասիրություններ և նախանշվել որոշ քայլեր՝ էներգահաշվեկշիռները առավել իրատեսական դարձնելու, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատակարարվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների նվազեցման միջոցով էներգահամակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի կայունացման համար:

  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է խորհրդակցության մասնակիցներին ու նշել, որ քննարկումների արդյունքում պետք է հաստատվի շահագրգիռ բոլոր կողմերի համար հասկանալի և ընդունելի ծրագիր՝ էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի բարելավման,  կորուստների առաջացման պատճառների ու դրանց նվազեցման համար:

  Մինչ քննարկմանն անցնելը, նախարար Երվանդ Զախարյանը անդրադարձել է   էներգահամակարգի այսօրվա ֆինանսատնտեսական վիճակին՝ գնահատելով այն մեղմ ասած ոչ բարվոք:

  -Համակարգում կուտակված են մեծ ապարտքեր: Համակարգի միայն պետական ձեռնարկությունների ընդհանուր առևտրային վարկերի չափը հասնում են 13 մլրդ դրամի, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկային պորտֆելը՝ մոտ 224մլն. դոլար է: Այդ վարկերի սպասարկումը սակագներում նախատեսված չէ, ինչն այսօր լրացուցիչ բեռ է  համակարգի համար: Դրանից բացի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների հանդեպ կուտակել է մոտ 15 մլրդ դրամի պարտք -, ասել է Երվանդ Զախարյանը:

  Նախարարը նշել է, որ էներգահամակարգի համար լուրջ խնդիր է կորուստների և ընդհանրապես հաշվառման համակարգի բարելավման հարցը: Այդ հարցն, ի դեպ, հանրային հնչեղություն ունեցող ու հանրությանն ամենաշատը հուզող հարցերից մեկն է:

  -2009 թվականից մինչ այսօր էներգահամակարգում կորուստների չափը չի իջել ոչ մի տոկոսով, այնինչ, ուսումնասիրությունների համաձայն, կորուստների 1 % իջեցումը երկու տարվա կտրվածքով կարող է ապահովել 5,1 մլրդ դրամ եկամուտ,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ հետխորհրդային որոշ երկրների էներգահամակարգերում կորուստները    9-10  տոկոսի սահմաններում են: Իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերում  2013 թվականի ընթացքում կորուստները կազմել են 13,39 % /այդ թվում՝ առևտրային կորուստները 2,27%/, այնինչ կարգավորող հանձնաժողովի հաստատած թույլատրելի սահմանը 11,2 տոկոս է: Նույն ժամանակահատվածում Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստները կազմել են 2,03%:

  -Վիճակն անհանգստացնող է ընդհանուր էներգահամակարգում: Այսպես աշխատել այլևս հնարավոր չէ, բոլորս պետք է վերանայենք մեր մոտեցումները և անենք ամեն ինչ՝ իրավիճակը շտկելու համար,- ասել է նախարարը:

Նա նշել է նաև, որ քննարկումների արդյունքում կմշակվի փաստաթուղթ, որտեղ կներառվեն բոլոր կողմերի առաջարկները:

«Մշակված փաստաթուղթը պետք լինի բոլորիս սեղանին և դառնա մեր աշխատնքային ծրագիրը՝ առաջիկա տարիների համար»-, ասել է Երվանդ Զախարյանը: