«Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, հոկտեմբերի 23-25-ը, Հայաստան էր ժամանել «ТВЭЛ» ԲԲԸ-ի պատվիրակությունը՝ նախագահ Յուրի Օլենինի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ին միջուկային վառելիքի մատակարարման ընթացիկ համագործակցության հարցերը, գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման գործում ռուսական ընկերությունների մասնակցության և նոր էներգաբլոկի կառուցման ընթացքում ռուսական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները:
«ТВЭЛ» ԲԲԸ-ի պատվիրակությունը այցելել է նաև ՀԱԷԿ և տեղում ծանոթացել կայանի գործունեության, ներկայումս իրականացվող տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների ընթացքին:
«ТВЭЛ» ԲԲԸ-ի պատվիրակության նախագահ Յուրի Օլենինը այցելել է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը երբեմնի շրջանավարտ Յուրի Օլենինին է հանձնել ՀՊՃՀ բարձրագույն պարգև՝ ՀՊՃՀ Ոսկե մեդալ։