Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.10.2014

ՀԱԷԿ-ի նորոգման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան և ծանոթացել կայանում իրականացվող  տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների ընթացքին: ՀԱԷԿ-ում վերանորոգման աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 27-ին և  կտևեն  46 օր:

Նախարարի խոսքով՝ աշխատանքների կատարման համար կազմվել է ժամանակացույց և այսօր կայանի պրոֆիլակտիկ նորագումն ընթանում է այդ ժամանակացույցի համաձայն: Աշխատանքների համար կպահանջվի մոտ 3 մլրդ դրամ, ինչն արդեն իսկ հաշվարկված է սակագնի մեջ, և այդ ծախսը որևէ ազդեցություն չի ունենա  գործող սակագնի վրա:

-Ռեակտորը բացելուց հետո պարզվեց, որ անհրաԺեշտ կլինի իրականացնել լրացուցիչ աշխատանքներ ևս: Խոսքը շոգեգեներատորում կոմպոզիցիոն 2 կարաների /շովերի/ վերականգնման աշխատանքների մասին է, որը մենք կանխատեսում էինք, բայց չէինք նախատեսել,- շրջայցից հետո ասաց նախարար Երվանդ Զախարյանը: - Այդ աշխատանքը շատ կարևոր ու պատասխանատու աշխատանք է, ուստի մենք հրավիրել ենք համապատասխան մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից և Չեխիայից   :

Նախարարի խոսքով արվում է հնարավոր ամեն ինչ, որ լրացուցիչ աշխատանքները չազդեն ժամկետի վրա և ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միանա ժամանակցույցի համաձայն՝ նոյեմբերի 11-ին:

Երվանդ Զախարյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ-ից հրավիրվել է նաև գիտական խումբ, որն ուսումնասիրում է սարքավորումների տեխնիկական վիճակը: Նախնական գնահատականների համաձայն տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներ չեն լինի: Ընդհանուր առմամբ ՀԱԷԿ-ի տարեկան պլանային նորոգման աշխատանքներում ներգրավված են մոտ 700 մասնագետներ:

Ինչ վերաբերում է էներգամատակարարման ռեժիմներին, ապա նախարարը վստահեցրեց, որ, էներգամատակարարման հետ կապված խնդիրներ չկան ու չեն կարող լինել, քանի որ էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակությունն այս պահին վերցվում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից: