Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

05.09.2014

Ստորագրվեց «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը

Սեպտեմբերի 5-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստորագրվեց «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև:

 

Հայաստանի Հանրապետության անունից Վարկային համաձայնագիրը ստորագրեցին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Ասիական զարգացման բանկի անունից` Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը:

varkhamaz_small

 

Միաժամանակ ստորագրվեց նաև Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը՝ Ասիական զարգացման բանկի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության միջև:

 

Ասիական զարգացման բանկն «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի նպատակների համար նախատեսում է Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրել շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ (25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը` տարեկան 2%):

 

Ծրագիրն իրականացվելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից: Վարկային ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաև վերակառուցել 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները:

 

Համակարգում արդեն իսկ ներդրված SCADA համակարգը լիարժեք գործող ու արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է լրացուցիչ տեղադրել շուրջ 
200 կմ օպտիկամանրաթելքային մալուխ, զգալիորեն ավելացնել SCADA համակարգից օգտվողների քանակը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և ստեղծել հարևան երկրների SCADA համակարգերի հետ  տվյալների միջսերվերային փոխանակման հնարավորություն:

 

Նախորդ տարիների ընթացքում «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է, ենթակայանում փոխարինվել են 220 կՎ լարման առաջնային սարքավորումները: Տվյալ ծրագրի շրջանակներում կփոխարինվեն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի հնացած սարքվածքները, որոնք այլևս չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները:

 

«Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 
230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա 
110 կՎ «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ:

 

Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին: