Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

21.08.2014

Երվանդ Զախարյանը հյուրընկալեց վրացի գործընկերոջը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան այցելած Վրաստանի պաշտոնական պատվիրակության կազմում Երևանում է նաև Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեն:

 

Օգոստոսի 21-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է որ, գործընկերոջ հետ քննարկել են էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարներն ու խնդիրները: Նրա խոսքով առաջիկա կարևորագույն ծրագրերից մեկը Հայաստանի և Վրաստանի միջև էներգամատակարարման ծավալների մեծացման ծրագիրն է, համաձայն որի՝ ներկայիս 200 մգՎտ թողունակությունը հնարավոր կլինի հասցնել 700 մգՎտ-ի, կառուցվելիք 400 կՎ բարձր լարման գծի և հաստատուն հոսանքի ներդիրի շնորհիվ:

 

Նախարարը կարևորել է նաև վթարային իրավիճակների պայմաններում  երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության փորձը, և շնորհակալություն հայտնել վրացական կողմին գազատարի վթարների ընթացքում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար:

 

Ի դեպ, վերջերս Վրաստանում ևս տեղի ունեցավ էներգամատակարարման խափանում, որի ընթացքում Հայաստանն իր հերթին կարողացավ օգնության ձեռք մեկնել հարևան երկրին:

 

Վրաստանի էներգետիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար և  կարևորել Հայաստան-Վրաստան էներգետիկ կապերը: Նա նշել է, որ համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություն կա և երկու կողմերն էլ գործնական են տրամադրված դրանք զարգացնելու համար: