<<Իրան կատարած այցը արդյունավետ էր>>. Ա. Մովսիսյան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը, նոյեմբերի 4-ից 7-ը, աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Այցի շրջանակներում՝ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանի և Համիդ Չիթչյանի հանդիպումը, որի ժամանակ Իրանի և Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքն ու զարգացման հեռանկարները:
Նոյեմբերի 6-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրի ընթացքը, Իրանից Հայաստան մտնող գազի ծավալները ձմռան ամիսներին մեծացնելու հնարավորությունը, ինչպես նաև, հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները:
Նոյեմբերի 7-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ և նրան է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու առկա հիմքերը: Նախագահ Ռոուհանին բարձր է գնահատել Իրանի և Հայաստանի միջև եղած բարեկամական կապերը` կորևորելով երկու հարևան ժողովուրդների միջև մշակութային և տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդումը:
Իրանի ղեկավարը խոսել է նաև համատեղ տնտեսական ծրագրերի մասին և հույս է հայտնել, որ այդ նախագծերը հնարավորինս շուտ կյանքի կկոչվեն: