Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը շարունակում են արդյունավետ համագործակցությունը
Ս.թ. մարտի 21-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության» հարցերով համագործակցության ենթակոմիտեի երրորդ նիստը:
Ենթակոմիտեի համանախագահներն էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը:
Միջոցառմանը մասնակցում էին Երևանում ԵՄ ներկայացուցչության, ՀՀ համապատասխան գերատեսչությունների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը բազմաթիվ հարցերի և քննարկումների հնարավորություն ընձեռեց:
Հայկական կողմը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի վերջին զարգացումները, այդ թվում` Էներգետիկ ռազմավարության և քաղաքականության, գազի, էլեկտրաէներգիայի և նավթի ոլորտների, էներգետիկ անվտանգության և ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ընդհանուր զարգացումները, միջուկային անվտանգությանն առնչվող խնդիրները:
Ելույթներ հնչեցին նաև ԵՄ, Մերձկասպյան տարածաշրջանի և դրանց հարևան երկրների միջև տարածաշրջանայիին համագործակցության և INOGATE ծրագրի իրականացման մասին, ՀՀ-ում և ԵՄ-ում տրանսպորտի ոլորտի վերջին զարգացումների, տրանսպորտի ոլորտում տարածաշրջանային համագործակցության, ավիացիային առնչվող հարցեր և այլն:
Քննարկվեցին նաև շրջակա միջավայրին, կլիմայական փոփոխություններին առնչվող հարցեր, ներկայացվեց Հայաստանում ջրի և օդի որակի, թափոնների կառավարման և բնապահպանության ոլորտային վերջին զարգացումները:
Միջոցառման ավարտին համանախագահները հանդես եկան ամփոփիչ ելույթներով:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, ենթակոմիտեի համանախագահ Ա. Գալստյանը շեշտեց Եվրամիության հետ համագործակցության կարևորությունը և հաստատեց, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ դերակատարում ունենալ տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության բնագավառներում համագործակցության հետագա ամրապնդման գործում: Նա նշեց, որ ենթակոմիտեն հիանալի հնարավորություն է ՀՀ և ԵՄ փորձագետների համար` ուժեղացնելու երկխոսությունը այդ փոխկապակցված ոլորտներում: ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը շնորհակալություն հայտնեց Հայաստանին նիստի կազմակերպման համար և հաստատեց, որ միջոցառումը նպաստում է Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցության զարգացմանը: