ՀԱԷԿ-ում բացվեց միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և դատական փորձաքննության լաբորատորիա
Հունվարի 18-ին Հայկական ԱԷԿ-ում բացվեց միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և դատական փորձաքննության լաբորատորիա: Լաբորատորիան ստեղծվել է ԱՄՆ պետական դեպարտամենտի տեխնիկական աջակցության միջոցների հաշվին: Միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և դատական փորձաքննության լաբորատորիան նախատեսված է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փորձաքննություն անցկացնելու համար: Այդ լաբորատորիայի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի տարածման դեմ ուղղված աշխատանքների արդյունավետությունը:
Լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ պատվիրակությունը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնի ղեկավարությամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները և տվյալ բնագավառի ՀՀ փորձագետները:
ՀՀ կառավարությունը կարևորում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի տարածման դեմ պայքարի նպատակով փորձագիտական կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունը և ողջունում է Հայկական ԱԷԿ-ում միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և դատական փորձաքննության լաբորատորիայի բացումը:
Միավորված Ազգերի կազմակերպության Անվտանգության Խորհրդի /ՄԱԿ ԱԽ/ կողմից 2004 թվականին ընդունվեց որոշում, համաձայն որի՝ զանգվածային ոչնչացման զենքի և միջուկային ու ճառագայթային նյութերի տարածումը դիտարկվեց որպես սպառնալիք աշխարհի խաղաղության և անվտանգության համար:
Հայաստանի Հանրապետությունն ընդունել է մի շարք իրավական ակտեր, որոնք ապահովում են ՄԱԿ ԱԽ որոշման դրույթների իրականացումը: ՀՀ-ում նշված ոլորտում իրականացվող քաղաքականությունը գտնվում է ՀՀ կառավարության հսկողության տակ և մշտապես արդիականացվում է տվյալ բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտը:
Հայաստանի Հանրապետությունն ընդունել է մի շարք իրավական ակտեր, որոնք ուղղված են զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխմանը:
ԱՄՆ և ՀՀ միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի միջազգային գործունեության շրջանակներում փոխադարձ համագործակցության և օգնության վերաբերյալ: Այդ կապակցությամբ 2008 թ. ստորագրվել է համաձայնագիր զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի բնագավառում ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության մասին: