Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.01.2019

Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ասամբլեայի 9-րդ նստաշրջանին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն  աշխատանքային  այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին:

Ասամբլեայի նստաշրջանը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի ընթացքում քննարկվում են կազմակերպության տարեկան հաշվետվությունները, հաստատվում զարգացման ծրագրերը, կազմակերպության տարեկան բյուջեն, ներկայացվում են վերականգնվող էներգետիկայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաների զարգացումները, մարտահրավերները:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են էներգիայի փոխակերպման աշխարհաքաղաքականությունը, էներգախնայողության սոցիալ-տնտեսական օգուտները, հիդրոէներգետիկայի դերը էներգետիկ բնագավառի փոխակերպման մեջ: Անդրադարձ է եղել կայուն զարգացման վրա վերականգնվող էներգետիկայի ազդեցությանը, ընդգծվել է տարբեր երկրների տեխնոլոգիական  նորարարությունների ոլորտում լավագույն փորձը կիսելու և ընդհանուր կարիքներն ու առաջնահերթությունները բացահայտելու կարևորությունը:

Ըստ աշխատակարգի՝ տեղի է ունեցել նաև «Փոխակերպիչ նորարարություն» թեմայով նախարարական կլոր սեղան-քննարկում:

Նշենք, որ Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունը  հիմնադրվել է 2009թ., կազմակերպությանը անդամակցող 159 երկրների  թվում է  նաև  Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային գործակալության հիմնական  առաքելությունն է խթանել վերականգնվող էներգետիկայի բոլոր տեսակների  ընդունումն ու զանգվածային կիրառումը, ներառալ էներգախնայողության միջոցառումները, հաշվի առնել ազգային առանձնահատկությունները և տարածքային առաջնահերթությունները, նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը՝ սահմանափակելով  բացասական  ազդեցությունները բնական պաշարների վրա: