Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Գրիգորյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ միասին բավականաչափ գործ է արվել:
Շնորհավորելով նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին՝ վարչապետը նշել է, որ նա մինչ այս զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը և տեղյակ է այս ընթացքում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում կատարված անցուդարձից:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ էներգետիկայի ոլորտում ձևակերպված խնդիրը չի փոխվում: «Մեր մեծագույն խնդիրը մեր էներգետիկ համակարգը և ընդհանրապես ոչ միայն էներգետիկ, այլև բնական պաշարների կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելն է: Այս առումով կարող ենք արդեն համարել, որ գործնական փուլ ենք մտել: Ինչո՞ւ հիմա կարող ենք համարել, որովհետև վերջին ամիսների ընթացքում հիմնական խնդիր էր նաև այս հարցերի վերաբերյալ մեր միջազգային գործընկերների հետ ընդհանուր ըմբռնում ձևավորելը, որպեսզի այս ոլորտում արդյունավետության բարձրացման աշխատանքների շուրջ համաձայնություն ունենանք, և այդ ամենը տեղի ունենա լիակատար ըմբռնման պայմաններում:
Ըստ էության, այս ընթացքում մենք կարողացել ենք նաև մի քանի նախագծերի շուրջ, որոնք որոշակիորեն վտանգված էին, համաձայնություններ ձեռք բերել, որոնց նպատակն ու իմաստը եղել են բացառապես նախագծերը և համակարգերն արդյունավետ դարձնելը: Մենք լրջագույն խնդիրներ ունենք նաև ջրային ռեսուրսների կառավարման առումով՝ թե՛ էներգետիկայի, թե՛ոռոգման իմաստով: Այստեղ նույնպես մեզ լրջագույն մարտահրավերներ են սպասվում, որոնք պետք է անպայման հաղթահարենք», - ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չկա այնպիսի տարբերակ, որ այդ մարտահրավերները չհաղթահարվեն. «Մեր կառավարությունն ունի մեր ժողովրդի հսկայական մասի, վերջին հարցումների համաձայն, 92 տոկոսի աջակցությունը, և այս մթնոլորտը պետք է օգտագործել կոնկրետ քաղաքական արդյունքներ, կոնկրետ տնտեսական արդյունքներ, կոնկրետ ֆինանսական արդյունքներ արձանագրելու համար: Եվ էներգետիկայի և բնական պաշարների համակարգն այն ոլորտներից է, որտեղ իսկապես մեր երկիրը պետք է նոր մակարդակի հասնի»:
Նախկին նախարար Արթուր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին համատեղ աշխատանքի համար և նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում նախարարության թիմի հետ արվել է ամեն ինչ՝ վարչապետի նախանշած նպատակների իրականացմանը և խնդիրների լուծմանը հասնելու համար:
Նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր վստահության համար: Նրա խոսքով՝ ոլորտում առկա խնդիրները շատ են, բայց նախարարությունում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, և կներդրվեն առավելագույն ջանքերը՝ գերատեսչության հուսալի աշխատանքը և էներգահամակարգի կայուն զարգացումն ապահովելու համար:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ամենակարևոր խնդիրը նաև այն է, որ ոլորտի ողջ պրոֆեսիոնալ ներուժը, անկախ քաղաքական կողմնորոշումներից, քաղաքական անցյալից կամ պրոֆեսիոնալ գործունեության անցյալից, համախմբվի՝ զարգացման ծրագրեր ստեղծելու և իրականացնելու համար, և համոզված եմ, որ դրա համար չունենք որևէ խոչընդոտ: Կարծում եմ, որ համագործակցությունը պետք է լինի այն հիմնական բանաձևը, որով մենք պետք է կառուցենք մեր ապագան: Քաղաքական պրոցեսները՝ քաղաքական պրոցես, տարաձայնությունները և տարընթերցումներն իրենց հերթին, բայց մեծ հաշվով մեր աշխատանքի բանաձևը կա, շարունակում է մնալ և պիտի լինի համագործակցությունը: Մենք ցանկացած իրավիճակում փնտրում ենք համագործակցություն, և եթե փնտրում ենք, նշանակում է՝ նաև կգտնենք: Այնպես որ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում»: