ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը օգոստոսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ու Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության ներկայացուցիչներին:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համատեսքտում անդրադրաձ է եղել Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման ընթացքին, մասնավորապես՝ կապալառուի կողմից աշխատանքները պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնելուն:
Դեսպանը նշել է, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կխթանի «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք»-ի (Հայաստան-Վրաստան-Իրան-Ռուսաստան) քառակողմ նախաձեռնության իրագործմանը:
Արթուր Գրիգորյանն իր հերթին կարևորել է համագործակցությունը քառակողմ ձևաչափով ընդլայնելու անհրաժեշտությունն ու ընդգծել, որ նախարարությունը պատրաստակամ է գործադրել առավելագույն ջանքերը ծրագիրը կյանքի կոչելու համար: