Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

30.07.2018

Նախարար Գրիգորյանն աշխատանքային այցով Չինաստանում էր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակում նախարար Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի բնագավառի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախարարն այցելել է չինական «Hanergy» խոշորագույն ընկերություն, որը զբաղվում է արևային լուսաթաղանթների արտադրությամբ, որոնք տեղադրվում են շենքերի տանիքների, ապակիների, կենցաղային տարբեր սարքավորումների վրա: Արևային լուսաթաղանթների արտադրության բնագավառում տեխնոլոգիական կարևոր ձեռքբերումներ ունեն նաև գերմանական «Solibro»-ն, ամերիկյան «MiaSole»-ն, «Global Solar Energy»-ն: «Hanergy»-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են Հայաստանում արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու հնարավորությունները: Նախարար Գրիգորյանը ծանոթացել է արևային էներգետիկայի բնագավառում չինական ընկերության արտադրանքին, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև ընկերության արտադրանքն ու նորագույն լուծումները Հայաստանում ներդնելու հնարավորություններին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում:

Այցի շրջանակում նախարար Գրիգորյանը հանդիպել է նաև «China Railway no.3 Engineering group» չինական ընկերության ներկայացուցիչների հետ: «China Railway no.3 Engineering group»-ն իր ծառայություններն է մատուցում էներգետիկայի տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ էներգետիկ հզորությունների և ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ: Վերջինիս ներկայացուցիչներն Արթուր Գրիգորյանին տեղեկացրել են, որ ընկերությունը  հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով:

Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով հետաքրքրված է նաև չինական «Energy China» ընկերությունը: Այս մասին հանդիպման ժամանակ հայտնել են ընկերության ներկայացուցիչները: 

Նախարարը հանդիպել է նաև «XY International group» չինական ընկերության ղեկավարի հետ: «XY International group»-ը մասնագիտացված է գազային կայանների կառուցման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառներում: Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանը հետաքրքրվել է Հայաստանում համակցված շոգեգազային ցիկլով կայան կառուցելու հեռանկարի հավանականությամբ: