ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում նախարարության մասնագետների ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամների մասնակցությամբ:
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:
Ընդերքօգտագործողները ներկայացրել են ոլորտի խնդիրները, ընդգծել ներդրումներ ներգրավելու և առանց խոչընդոտների գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը: Մասնակիցները կարևորել են հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ հասարակական դրական կարծիքի ձևավորումը և նշել, որ անհրաժեշտ է հանդես գալ բացատրական աշխատանքներով, ելույթներով, կազմակերպել մամուլի ասուլիսներ:
Հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդերքօգտագործող ընկերությունների մեծ մասը ՀՀ խոշոր հարկատու ու գործատու է, հետևաբար, բնականոն աշխատանքից ցանկացած շեղում բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության զարգացման վրա և հանգեցնում բյուջետային մուտքերի նվազեցման:
Ընդերքօգտագործողները ակնկալում են պետություն-հասարակություն երկխոսության միջոցով նպաստել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղերից մեկի բնականոն աշխատանքի կազմակերպմանը: