Հուլիսի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը Արցախում էր: Նախարարը հանդիպել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի հետ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնել է, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Արցախ, և վստահեցրել, որ դա կլինի շարունակական. «Այս պահին արդեն Արցախից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանում ունենք: Մեզ համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Արցախը այս պահին ինքնաբավ է էլեկտրաէներգիայի առումով, և մեր համատեղ աշխատանքների հետագա արդյունքը բերելու է նրան, որպեսզի մենք կարողանանք ավելացնել արտահանման ծալավները և դրանից բացի՝ կարողանանք նաև ապահովել ամբողջ միասնական համակարգի ձևավորումը, որի ցանկալի տարբերակը մեզ համար լինելու է էներգետիկ անվտանգության ապահովումն ու հուսալիությունը»,-հայտնում է Արթուր Գրիգորյանը:
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և կարևորելով երկու հանրապետությունների միջև համագործակցությունը՝ ասել է. «Էներգետիկայի ոլորտը գերակայություն է համարվում մեր հանրապետությունում և կա ավանդական ձևավորված երկարամյա համագործակցություն երկու նախարարությունների միջև: Մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնք պիտի քննարկենք միասին, քանի որ մեր երկու հանրապետությունները գտնվում են մեկ էներգետիկ դաշտում»,-ասել է Լևոն Գրիգորյանը:
Հանդիպմանը Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ քննարկվել է բարձրավոլտ էներգացանցերի հուսալիության և անվտանգության ապահովման խնդիրները, փոքր ՀԷԿ-երի շահագործման հանձնելու հետ կապված հարցերն ու Հայաստանի հետ փոխգործակցության խնդիրներն այս ոլորտում:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հանդիպումը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության հետ եզրափակվեց երկու նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, որին ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Գործընկեր կառույցների միջև ստորագրված փաստաթուղթը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի համապատասխան գերատեսչությունների կապերի ընդլայնմանն ու խորացմանը: