ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրիուս Բաշանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությանը Հայաստանի էներգետիկայի բնագավառում ցուցաբերած շարունակական աջակցության համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։ Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման և տարածաշրջանային ինտեգրման գործում՝ Արթուր Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող՝ Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել էներգետիկ բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված ծրագրի, ինչպես նաև Հայաստանում նոր տեխնոլոգիա հանդիսացող հոսանքի փոխակերպման ենթակայանի կառուցման ընթացքում համապատասխան մասնագետների վերապատրաստման հարցի շուրջ:
Անդրադարձ է եղել նաև էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման աշխատանքներին և շուկայի ձևավորման հնարավոր նոր մոդելներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: