Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.03.2018

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հայ-ռուսական համատեղ համակարգող հանձնախմբի 6-րդ նիստը

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում՝   մարտի 28-ին,  տեղի է  ունեցել հայ-ռուսական  hամատեղ համակարգող հանձնախմբի 6-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի  տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի գլխավորությամբ։

Նիստում քննարկվել են 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև առաջիկա տարիների անելիքները. սարքավորումների փոխարինման, արդիականացման աշխատանքների ծավալն ու ժամանակացույցը:

 Կողմերն ընդգծել են կայանի մեքենայական սրահի արդիականացման աշխատանքների ընթացքի արդյունավետությունը, մասնավորապես նշվել է, որ արդեն կայան են մատակարարվել տուրբինները, տուրբոգեներատորները, բլոկային տրանսֆորմատորները և կոնդենսատորի մոդուլները: Արդիականացվել են վերանորոգման համար նախատեսված մեքենայական սրահի կռունկները, նախապատրաստվել է պլանային-նախազգուշական վերանորոգման ծրագիրը, որը կմեկնարկի 2018 թվականի հունիսից: Նշվել է, որ ապրիլի 14-ին կկանգնեցվի թիվ 4 տուրբոագրեգատը, կփոխարինվեն կոնդենսատորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը, թիվ 3 տուրբոագրեգատը, կարդիականացվի թիվ 3 տուրբինը, կփոխարինվեն  բարձր ճնշման գլանը, ցածր ճնշման գլանի ռոտորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը, ինչպես նաև  թիվ 3 տուրբոագրեգատի գեներատորը և գլխավոր տրանսֆորմատորը: Նախատեսվում է 2018 թ. ավարտել թիվ 1 հովացման  աշտարակի արդիականացման աշխատանքները։  

Անդրադարձ է եղել ՀԱԷԿ-ի աշխատակիցների և  ներգրավված մասնագետների  վերապատրաստման հարցերին: Նախատեսվում է, որ 2018թ.  հունիս-հուլիս ամիսներին կայանում  կաշխատեն կապալառու կազմակերպությունների  մոտ 600 աշխատակիցներ:

Քննարկվել են մարդասիրական ոլորտում համագործակցության և Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման հարցերը:  Այդ համատեքստում  նշվել է, որ 2018 թ. մարտին Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ են ընդունվել  դիմորդներ Հայաստանից, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռուս մասնագետների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են կրթական միջոցառումներ:

Նիստի  ավարտին`  քննարկման  արդյունքներով  ստորագվել է արձանագրություն: