ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փետրվարի 1-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար Տիանհուա Լուոյի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է ԱԶԲ կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը, հատկապես իրականացվող բարեփոխումների ուղղությամբ: Նախարարը նշել է, որ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրով նախատեսված կարգավարման կառավարման ավտոմատացված համակարգի (SCADA), «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են և հաջողությամբ իրականացվում են:
Ներկայացնելով համակարգում նախատեսվող ծրագրերը՝ նախարարն ընդգծվել է բանկի օժանդակությունը ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման, այնպես էլ էներգետիկ այլ ծրագրերի իրականացման գործում՝ հաշվի առնելով, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը և համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։
Ի թիվս այլ ծրագրերի ԱԶԲ-ն աջակցում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լայնամասշտաբ վերակառուցման ծրագրին:
«10 տարի անց մենք կունենանք արդիականացված և արդի չափանիշներին համապատասխան էլեկտրական ցանցեր»,- նշել է Աշոտ Մանուկյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱԶԲ ֆինանսավորմամբ մի շարք այլ ծրագրերի իրականացմանն ու հետագա համագործակցության հնարավորություններին: Զրուցակիցները վերահաստատել են գործընկերությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Տիանհուա Լուոն փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերին։ Նա նշել է նաև, որ բանկը հետաքրքրված է ներկայացված ծրագրերով և պատրաստ է դիտարկել ԱԶԲ-ի մասնակցության հետագա հնարավորությունները։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։