Այսօր` հունվարի 31-ին, Երևանում անցկացվել է «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի» գնման ընթացակարգի շրջանակում նախամրցութային կոնֆերանս, որը կազմակերպել էր «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը»: Մասնակցում էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Համաշխարհային բանկի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և տեղական բանկերի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի ընթացքում նախաորակավորման փուլն անցած բոլոր 10 կազմակերպություններին ներկայացվել են արևային ֆոտովոլտային կայանի կառուցման պայմանները﹐ տրվել են նրանց հուզող հարցերի համապարփակ և համակողմանի պատասխանները։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով` կայանի կառուցման մրցույթում հաղթելու է այն ընկերությունը, որը կառաջարկի արտադրվելիք էլեկտրաէներգիայի նվազագույն սակագինը:
«Այս կայանի կառուցումը վերականգնող էներգետիկայի զարգացման առումով լուրջ ներդրում կլինի﹐քանի որ մեր վերջնական նպատակը ոլորտի վրա դրական ազդեցություն ունեցող մրցունակ սակագին ունենալն է։ Մրցույթը հայտարարվել է 2017 թվականի ապրիլին։ Սկզբում անցկացվել է նախաորակավորման փուլ, որին մասնակցել են 60-ից ավելի կազմակերպություններ։ Այս փուլի պայմանները շատ խիստ են եղել։ Նախաորակավորման փուլը հաղթահարել են 10 լավագույն ընկերությունները` Կորեայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից», - ասել է Հայկ Հարությունյանը:
Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում ստեղծել 55 ՄՎտ կայան, որը տարեկան մոտ 80-90 միլիոն կվ/ժ էլեկտրաէնեգիա կարտադրի` Հայաստանի ամբողջ արտադրության 1.5 %-ը:
Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2018թ. գարնանը։