«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների թվայնացման գործընթացն ավարտվել է։ Այստեղ պահպանվող ամբողջ տեղեկատվությունն այլևս առցանց հասանելի է hանրությանը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտի թվայնացումը հնարավոր եղավ իրականացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Աշխատանքները սկսվել էին դեռևս անցած տարվա երկրորդ կեսից։
Թվայնացվել է շուրջ 1500 օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրեր:
Թվայնացված ամբողջ տեղեկությունը տեղադրված է www.geo-fund.am ինտերնետային կայքում։
-Երկրաբանական տեղեկությունների թվայնացման արդյունքում ստեղծվել է հսկայական տեղեկատվական բազա, ինչը լուրջ օժանդակություն է գիտակրթական հատվածի, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների և այլ շահառուների համար,-ասել է Շուշանիկ Քերոբյանը:
Ըստ նրա` տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումն առավել գրավիչ կդարձնի ընդերքօգտագործման ոլորտը ներդրումների ներգարվման համար: Թվայնացման արդյունքում ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ և միջոցներ ծախսելու՝ ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային: