Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.10.2017

Աշոտ Մանուկյանը ամփոփել է նախարարության գործունեության մեկ տարին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության վերջին մեկ տարվա գործունեության արդյունքները։

Ներկայացնելով էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերը՝ նախարարը նշել է, որ Հայաստանի էներգետիկ հզորություններն ընդլայնելու նպատակով կնքվել է պայմանագիր «ՌԵՆԿՈ» ընկերության հետ՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի հարակից տարածքում շուրջ 250 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով էլեկտրակայան կառուցելու համար։ Իր արդյունավետությամբ այն կլինի լավագույնը Հայաստանում գործող ջերմային մյուս բոլոր կայանների համեմատ։ Նոր կայանի օգտակար գործողության գործակիցը հասնում է 53 տոկոսի, ինչը 3-4 տոկոսով գերազանցում է նույնիսկ «Երևանի ՋԷԿ»-ի ցուցանիշը։

-Դա նշանակում է, որ ավելի քիչ գազով կարող ենք արտադրել ավելի շատ էլեկտրաէներգիա,- ասել է նախարարը։

Կառավարությունը հավանություն է տվել Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրին, ինչը կարևոր քայլ է Հայաստանի ներքին ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու ճանապարհին։

Նախարարը տեղեկացրել է, որ «Արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ներդրումային ծրագրի» առաջին փուլում հայտարարվել է մրցույթ Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային 50-55 ՄՎտ հզորությամբ կայան կառուցելու համար։  Նախաորակավորման շեմը հաղթահարած 20 մասնակիցներից ընտրվել է 10 ընկերություն և կոնսորցիում: Առաջիկայում կհայտարարվի մրցույթի երկրորդ փուլը, ինչի արդյունքում հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի նվազագույն սակագին:

Տրամադրվել են լիցենզիաներ մինչև 1 մեգավատ հզորությամբ 11 արևային կայանների կառուցման համար, որոնց գումարային հզորությունը կկազմի 10 ՄՎտ։

Շարունակվում են իրականացվել միջոցառումներ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ուղղությամբ։ Աշխատանքները կտևեն մինչև 2020թ., որից հետո պարզ կլինի, թե դեռ որքան հնարավոր կլինի շահագործել ատոմակայանը։

Անդրադառնալով ԵՄ-ՀՀ համաձայնագրի նախագծում ՀԱԷԿ-ի փակման վերաբերյալ հնչող տեսակետներին` Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ փաստաթղթում խոսվում է ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն։ ՀԱԷԿ-ի հարցում կառավարության դիրքորոշումը միանշանակ է և հստակ, ընդգծել է նախարարը.

-Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրսն անվերջ չէ, կաշխատի այնքան, որքան ռեսուրս կունենա և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ և հուսալի շահագործելու համար։ Դրանից հետո այն կապագործարկվի, փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ։ Սա կառավարության դիրքորոշումն է, որովհետև ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը մեր կառավարության գերակայություններից է։

Նախարարի կարծիքով՝ ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար խնդրահարույց չէ։

-Վստահ եմ, որ նոր էներգաբլոկ կկառուցվի։ Բոլորովին այլ հարց է, թե ի՞նչ հզորությամբ և ի՞նչ տեխնոլոգիայով։ Հարցի պատասխանը կտրվի երկու տարում։ Այդ ընթացքում կունենանք գիտականորեն հիմնավորված եւ ՄԱԳԱՏԷ-ի մեր գործընկերների կողմից հաստատված գնահատական, թե ևս որքան ժամանակ կարող ենք շահագործել գործող կայանը։ Առաջիկա երկու տարվա ընթացքում կունենանք նաև փոքր մուդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները և կհասկանանք, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում, որոնցով կարող ենք կառուցել ատոմակայան,- ասել է Աշոտ Մանուկյանը։

Խոսելով առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր փոփոխությունների մասին՝ նախարարը նշել է, որ այդ խնդիրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության տիրույթում է։ Եթե կառավարությունը կամ նախարարությունը միջամտի սակագների ձեւավորմանը, ապա դա կխաթարի տնտեսական քաղաքականության հիմքերը։ Հատուկ այդ նպատակով ստեղծվել է անկախ մարմին՝ ի դեմս Հանձնաժողովի։ Ուստի հարցի վերջնական պատասխանը կտա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Մինչ այդ, նախարարն առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար նախապայմաններ չի տեսնում։

Նախապայմաններ չկան նաև սակագների հնարավոր նվազեցման համար։ Խնդիրը կապված է առաջին հերթին ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների իրականացման հետ։  Դրանց շրջանակներում հաջորդ երկու տարիներին ՀԱԷԿ-ի շահագործումը կդադարեցվի անհամեմատ ավելի երկար ժամանակով։ Խոսքը՝ համապատասխանաբար վեց և վեցուկես ամսվա մասին է. «Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի հսկայական ճնշում է համակարգի վրա»։

Հաշվի առնելով այս հանգամանքը.

-Կարծում եմ, սակագների նվազեցման հնարավորություն չունենք։ Առավել ևս, որ ատոմակայանը հանդիսանում է էներգահամակարգի ամենաէժան էլեկտրաէներգա արտադրող հզորությունը։

Անդրադառնալով Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման նշանակությունը, ինչը թույլ կտա էապես ավելացնել էլեկտրաէներգիա-գազի դիմաց փոխանակումները։

-Այդ ծրագիրը չափազանց արդյունավետ է։ Երկու տարի հետո ավելի արդյունավետ կլինի,- ասել է նախարարը։

Աշոտ Մանուկյանը տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետի Իրան կատարած այցի շրջանակներում քննարկվել է ոչ միայն էլեկտրաէներգիա-գազի դիմաց ծրագիրը, այլև իրանական գազը ուղղակի գնելու հնարավորությունը։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի առաջարկվի ավելի ցածր գին։ Այս պահին նման առաջարկություն չկա։

Իրանական այցի ընթացքում քննարկվել են նաեւ էներգետիկ ոլորտում Հայաստան-Իրան-Թուրքմենիա եռակողմ համագործակցության հնարավորությունները։ Հայաստանը դիտարկում է մասնավորապես Իրան-Թուրքմենիա պարտքային հարաբերություններում մասնակցություն ունենալու հեռանկարը։ Հայաստանի կառավարության ներկայացրած առաջարկությունն ընդունելի են համարել ինչպես իրանական, այնպես էլ թուրքմենական կողմերը։

-Պայմանավորվածություն կա առաջիկայում եռակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Ճշտվում են ժամկետները,- ասել է Աշոտ Մանուկյանը։