Կառավարությունը օգոստոսի 24-ի նիստում հավանություն է տվել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի փոխանցմամբ, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է նպաստել ոլորտի կայուն զարգացմանը։ Փաստաթղթում ներկայացվել է հանքարդյունաբերության ներկա վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, որոնք խմբավորվել են ութ հիմնական բաժիներում։ Տրվել են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները:
-Հայեցակարգով ամրագրվել է, որ ներկայացված խնդիրների լուծման և ոլորտի հետագա կայուն զարգացման, ինչպես նաև միջազգային շուկայում Հայաստանը ներկայացնելու համար անհրաժեշտ է մշակել և ներդնել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին,-ասել է Վարդան Գևորգյանը:
Նախատեսվում է իրականացնել ախտորոշիչ որոշ ուսումնասիրություններ և վերանայել արդեն առկա հետազոտությունները:
Ռազմավարության մշակման համար, Վարդան Գևորգյանի կարծիքով, կպահանջվի 1-1,5 տարի։ Աշխատանքները կիրականացվեն Համաշխարհային բանկի և դոնոր կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհների հաշվին: