Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

«ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ» ՓԲԸ





Ներկայիս «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ն կազմավորվել և իր գործունեությունը սկսել է 1961 թվականին` հատուկ կոմբինատի կարգավիճակով, Երքաղխորհրդի գործկոմի համակարգում, Նուբարաշենի տարածքում: Հետագայում տեղափոխվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի հարակից տարածք:

ՀՀ կառավարության 1994թ. օգոստոսի 15-ի թիվ 372 որոշմամբ «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման» Հատուկ կոմբինատի գործունեության բարելավման միջոցառումների մասին որոշման և արդյունաբերության նախարարության 1994թ. սեպտեմբերի 8-ի հրամանով կոմբինատն ընդգրկվել է արդյունաբերության նախարարության համակարգի մեջ: ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության 1998թ. փետրվարի 9-ի դ 87 հրամանով «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ նշանակության» պետական ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՊՓԲԸ, իսկ ՀՀ կառավարության 2000թ. հունիսի 14-ի թիվ 315 որոշմամբ վերագրանցվել է որպես «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ:

ՀՀ կառավարության 2006թ. մարտի 23-ի թիվ 407-Ա որոշմամբ «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել  է ՀՀ էներգետիկայի նախարարությանը:

 

Ընկերության գործունեությունը

 

Ընկերությունը զբաղվում է ռադիոակտիվ թափոնների տեղափոխման, վնասազերծման, թաղման և հետագա պահպանման աշխատանքներով: Ընկերության գործունեությունը հիմնված է միջուկային, ռադիոակտիվ և սանիտարական անվտանգության նորմերի խիստ պահպանման վրա:

Ընկերության աշխատանքը պարբերաբար հսկվում է ՀՀ Պետատոմհսկողութան և  Ատոմային էներգիայի Միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից:

Ընկերության տարածքի ընդհանուր մակերեսը 17000մ2 է և պայմանականորեն բաժանված է «կեղտոտ» և «մաքուր» գոտիների:

Առաջին գոտում գտնվում են ռադիոակտիվ թափոնների երեք պահեստարանները, որոնցից մինչ այժմ օգտագործվում է մեկը: Պահեստարանների ընդհանուր ծավալը 2250 մ3 է: Պահեստարաններում տեղադրված է ձայնային ազդանշանային համակարգ, դոզաչափող սարք, շարժական վերամբարձ կռունկ:

Երկրորդ մասում ադմինիստրատիվ կառույցն է` լաբորատորիան, գրասենյակները, սանիտարական անցակետը, որը միացված է դեզակտիվացիոն կառույցի հետ, որտեղ գտնվում է ռադիոակտիվ թափոններ տեղափոխող հատուկ մեքենան: Ընկերության տարածքը շրջապատված է բետոնյա պատով և փշալարերով, ամբողջ երկարությամբ տեղադրված է ձայնային ազդանշանային համակարգ տեսախցիկներով:

Ընկերությունը սպասարկում է ՀՀ տարածքում գտնվող հիմնարկ-ձեռնարկությունները և իր յուրահատուկ գործունեությամբ միակն է հանրապետությունում:

Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման գծով ծրագրի շրջանակներում 2013թ. ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Նորոգվել է պահեստարանների պահպանման ազդանշանային համակարգը:

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի աջակցությամբ ձեռք է բերվել ռադիոակտիվ նյութեր տեղափոխող հատուկ մեքենա:

Ինչպես պահեստարանում, այնպես էլ ընկերության տարածքում կանոնավոր անց է կացվում ռադիացիոն ճառագայթման մոնիտորինգ: Շուրջ 30 կետերում չափվում է ճառագայթման դոզայի հզորությունը: Կանոնավոր չափվում է աշխատակազմի ստացած անհատական ճառագայթման դոզան, անց է կացվում բժշկական քննություն, գիտելիքների ստուգում:

 

Գլխավոր տնօրեն` Միքայել Վահրամի Սարգսյան

Հասցե՝ ք. Մեծամոր, ՀՀ Արմավիրի մարզ, 0910

Հեռ.՝ 055-08-88-85 

Էլ, փոստ՝ radionarm@yahoo.com