Նախարարություն - Վերականգնվող էներգետիկա
Հողմաէներգետիկ ծրագրեր
Հայաստանի Հանրապետությունում
2003 թվականին մշակվել են Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզները, ըստ որոնց տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ և 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով: Առանձնացվել են հիմնական հեռանկարային տեղանքները` Զոդի լեռնանցք, Բազումի լեռներ՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սևանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին և Մեղրիի շրջանը:
2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաև Կովկասում, առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը` 2.6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 50 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան:
Եվրամիության ծրագրի շրջանակներում ավարտվել են մոնիթորինգային աշխատանքները Սևանի Սեմյոնովկա լեռնանցքում և կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 35 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար:
«Ar Energy» հայ-իտալական մասնավոր ընկերության կողմից իրականացվել են Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները` 140 Մվտ հզորությամբ հողմակայան կառուցելու նպատակով:
Գեղարքունիքի մարզի Սոտքի լեռնանցքի տարածքում իրականացվել են հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները` 20 Մվտ հզորությամբ հողմակայան կառուցելու նպատակով:
«Ar Energy» և «Zod Wind» մասնավոր ՓԲԸ-րը բանակցություններ են վարում տարբեր կազմակերպությունների հետ «Քարախաչ 1» և «Զոդ» հողմաէլեկտրակայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
2017թ. մարտի 30-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության միջև Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի մասին ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում: 2017 թվականի դեկտեմբեր ամսին ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը: Տեղադրվել են երկու 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայաններ և մեկ «Sodar» համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով:
2017 թվականի մարտի 30-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Արաբական միացյալ էմիրության «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը ՀՀ-ում մինչև 150 ՄՎտ հզորությամբ քամու կայաններ կառուցելու համար։ Տեղադրվել է մեկ 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայան, որն ակնկալվում է շուտով գործարկել։ Եվս մեկը նախատեսվում է տեղադրել 2018 թվականի ապրիլ ամսին։
Կան նշանակալից զարգացումներ նաև հողմաէներգետիկայում՝ 2 հողմակայան գտնվում են կառուցման փուլում՝ ընդհանուր 5,3 Մվտ հզորությամբ:
Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում համաշխարհային համբավ ունեցող՝ «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» և «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունները Հայաստանում իրականացնում են հողմային էլեկտրակայանների կառուցման նախապատրաստման ծրագրեր (գումարային շուրջ 300 ՄՎտ հզորությամբ)՝ նրանց կողմից շարունակվում են քամու ներուժի գնահատման աշխատանքները, իսկ «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը արդեն ներկայացրել է գործարար ծրագիր, պատրաստակամություն է հայտնել մեծածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում և այդ ուղղությամբ բանակցություններ վարում համապատասխան լիազոր մարմինների հետ։
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը.
2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի գ) ենթակետի համաձայն` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:
2019թ. հուլիսի 1-ի դրույամբ էլ.էներգիա է արտադրել 2 հողմաէլեկտրակայան, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է 2,9 ՄՎտ, 2 հողմակայան 5,3 ՄՎտ հզորությամբ գտնվում է կառուցման փուլում:
Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 159-Ն որոշման 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է՝ 43,585 դրամ/կՎտxժ առանց ԱԱՀ (մինչև 01.11.2018 լիցենզավորված), իսկ այն հողմակայանների համար, որորնք ունեն մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայվող հզորություն, սահմանվել է 24,233 դրամ/կՎտxժ սակագին (01.11.2018թ-ից հետո լիցենզավորված): Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձնաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի: Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է հողմային էլեկտրակայանների համար սահմանված սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից, որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից: 30 ՄՎտ տեղակայվող հզորություններից ավելի հզորությամբ հողմային էլեկտրակայանների սակագինը սահմանվում է առանձին ներդրումային ծրագրերի շրջանակներում:
Ուղեցույց հողմային էլեկտրակայան կառուցելու համար
Եթե գործարարը ցանկանում է կառուցել հողմային էլեկտրակայան, ապա անհրաժեշտ է.
1. Ընտրել տեղանքը (ընտրությունը հնարավոր է կատարել օգտվելով հողմային ուղեցուցային քարտեզից , տես՝ http://minenergy.am/page/545:
2. Ձեռք բերել հողօգտագործման իրավունք և ըստ անհրաժեշտության համապատասխանեցնել հողի նպատակային նշանակությունը (կատեգորիան)` փոխելով «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի:
3. Կազմել ներդրումային (գործարար) ծրագիր:
4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար այցելել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի էլ.կայք՝ www.psrc.am «տեղեկություն ներդրողին» բաժին:
5. Դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար:
6. Մասնագիտական անվճար խորհրդատվության համար դիմել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին` www.r2e2.am և/կամ Գերմանա-հայկական հիմնադրամին` www.gaf.am (այստեղ հնարավոր է ստանալ նաև արտոնյալ վարկավորում):
7. Կատարելով վերոնշյալ լիցենզիայի պայմանները՝ կառուցել հողմային էլեկտրակայան: