Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

16.09.2014

Ամբողջությամբ վերակառուցվել է «Գյումրի-2» ենթակայանը

Սեպտեմբերի 13-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերության վերանորոգված «Գյումրի-2» ենթակայանի պաշտոնական բացման արարողությունը,  որին մասնակցեց նաև աշխատանքային այցով Շիրակի մարզ այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց.

 

- Այս ենթակայանը կարևոր նշանակություն ունի ոչ միան Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Շիրակի մարզի հուսալի էներգամատակարարման ապահովման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տարածաշրջանային փոխանակումներ իրականացնելու համար:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մանրամասն ներկայացվեց ենթակայանի վերականգնման վարկային ծրագիրն ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող մյուս ներդրումային ծրագրերը:

 

«Գյումրի-2» ենթակայանը կառուցվել է 1972-1973թթ. և ունի տեղական ու տարածաշրջանային ռազմավարական կարևոր նշանակություն: Այն սնում է Գյումրի քաղաքը և Շիրակի տարածաշրջանը, ինչպես նաև 110 ԿՎ օդային գծով կապվում է Վրաստանի էներգահամակարգի հետ, իսկ «Ղարս 220 ԿՎ» օդային գծով` Թուրքիայի հետ: Շահագործման ընթացքում ենթակայանի հիմնական և օժանդակ սարքավորումները տասնամյակների ընթացքում ենթարկվել են ֆիզիկական և բարոյական մաշվածության:

 

Գերմանիայի զարգացման բանկի (KfW), ՀՀ ֆինանսների նախարարության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված,«Գյումրի-2 ենթակայանի վերականգնում» վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման պայմանագրով ենթակայանի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2011թ. հոկտեմբերի 14-ին: Պայմանագրով սահմանված ժամկետում` 2014թ. փետրվարի 13-ին, ամբողջ ծավալով ավարտվել են ենթակայանի շինարարական, մոնտաժային, կարգաբերման աշխատանքները, և սարքավորումները դրվել են լարման տակ:

 

Ծրագրի շրջանակներում ենթակայանի մաշված և հնացած սարքավորումները փոխարինվել են նոր, արդիական, միջազգային ստանդարտներին ու նորմերին համապատասխան սարքավորումներով, որի արդյունքում, պատասխանատուների հավաստմամբ, կնվազեն ենթակայանի տեխնիկական կորուստները, շահագործման ծախսերը, վթարային անջատումները, չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակը, կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև ամբողջ էներգահամակարգի հուսալիությունը և անվտանգությունը:

 

«Գյումրի-2» ենթակայանը  ամբողջությամբ վերակառուցված 220 ԿՎ լարման 4-րդ ենթակայանն է «Վանաձոր-2 »,«Կամո» և «Ալավերդի-2» ենթակայաններից հետո: