Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

28.06.2017

Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերով

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի  պատվիրակությանը՝ բանկի վարկային գծով ավագ մասնագետ Վիոլին Սիլվեստրոյի գլխավորությամբ։ Քննարկվել են համագործակցության ընդլայնման,  էներգետիկ համակարգում իրականացվող նոր ներդրումային ծրագրերում բանկի ներգրավմանն  առնչվող հարցեր։ Կարևորվել է հատկապես պետություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցությունը:

Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է էներգետիկ համակարգում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք վերաբերում են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ենթակայանների վերակառուցմանը, «Շնող» ՀԷԿ-ի և  կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցմանը։  

Խոսելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ներդրումային ծրագրի մասին՝ նախարարը ընգծել է, որ առկա 16 ենթակայաններից արդեն իսկ վերակառուցվել է 10-ը։ Եվս 2-ը հնարավոր կլինի արդիականացնել համակարգում իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում  տնտեսված միջոցների հաշվին։

-Հայաստանը ակնկալում է բանկի մասնակցությունը մյուս չորս ենթակայանների վերակառուցման ծրագրերին: Դրանով կավարտվի բոլոր ենթակայանների արդիականացումը, ինչը անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցության շրջանակներում էլեկտրաէներգիայի տարանցիկ հոսքերը սպասարկելու համար,-նշել է Աշոտ Մանուկյանը։

Հյուրերին ծանոթացնելով «Շնող» ՀԷԿ-ի և կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրերին՝ նախարարը կարևորել է դրանց ինչպես էներգետիկ, այնպես էլ տնտեսական ու սոցիալական նշանակությունը։

Շնորհակալություն հայտնելով ներդրումային ծրագրերը համակողմանի և մանրամասն ներկայացնելու համար՝ Վիոլին Սիլվեստրոն հայտնել է Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ Եվրոպական ներդրումային բանկի  հետաքրքրությունների և համագործակցության պատրաստակամության մասին։