Ընդերքօգտագործման ոլորտում ներդրումների ներգրավման ժամանակ ընդերքօգտագործման իրավունքի հետ միաժամանակ հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իրականացրել է միջազգային փորձի համալիր ուսումնասիրություն։ Մասնավորապես ուսումնասիրվել է Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ավստրալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Չինաստանի, ԱՊՀ մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի փորձը, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից մշակված «Հողի օտարման և հարկադիր վերաբնակեցման մասին» կատարողական ստանդարտը, որով կարգավորվում են հողօգտագործողների փոխհատուցման խնդիրները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, միջազգային փորձը համադրվել է Հայաստանի օրենսդրության և ոլորտային իրավական ակտերի հետ։
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ մեկտեղ հողօգտագործման իրավունքի տրամադրման հարցը Հայաստանում հնարավոր կլինի լուծել միջազգային լավագույն փորձի հիման վրա՝ մի շարք օրենդրական փոփոխություններ կատարելուց հետո:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվել է շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ։ Շուշանիկ Քերոբյանի կարծիքով, ակնկալվող օրենսդրական փոփոխությունները պետք է բխեն արդեն իսկ շրջանառության մեջ դրված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգից: