Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

06.03.2017

Հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին կմասնակցի նաև Հայաստանը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը մարտի 5-8-ը կմասնակցի Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):

Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, և ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքն ունենում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների և մասնավոր ընկերությունների շուրջ 25 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի ավելի քան 125 երկրից։  Հավաքի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն տարբեր երկրներում հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, բնական ռեսուրսների կառավարման, պետական վերահսկողության և կարգավորող օրենսդրության պահանջները, ինչպես նաև հանքերի առավել արդյունավետ և անվտանգ շահագործման մեթոդներն ու բնապահպանական ռիսկերի կառավարման մեխանիզմները։ Տորոնտոյի համաժողովը հանքարդյունաբերության հարցերով աշխարհի ամենախոշոր հավաքն է, որտեղ  վեր են հանվում ոլորտի համաշխարհային մակարդակի խնդիրները, դրանց ժամանակակից լուծումներն ու  զարգացման առաջնահերթությունները։

Տորոնտոյի  ամենամյա հավաքին մշտապես մասնակցում են նաև հանքարդյունաբերական ոլորտի հայաստանյան ընկերությունները։ Այս տարվա հավաքին, արդեն 12-րդ անգամ Հայաստանից ներկայացված կլինի Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող Լիդիան ինթըրնեյշնլը՝ որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված, նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերություն, որը հանդիսանում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ամենախոշոր ներդրումային ծրագրի հեղինակը։