Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

24.02.2017

Հայաստանում կարտադրվեն արևային վահանակներ

Հայաստանում շուտով կարտադրվեն առաջին արևային վահանակները։ Այդ նպատակով կստեղծվի արտադրական ձեռնարկություն, որը եզակի կլինի մեր տարածաշրջանում։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, արևային վահանակների արտադրությունը Հայաստանում կսկսվի արդեն այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այդ նպատակով առաջին փուլում կիրականացվի շուրջ  315 մլն դրամի  ներդրում, որի շրջանակներում կստեղծվի ավելի քան 50 աշխատատեղ։

Ընկերությունը մտադիր է սկզբնական շրջանում արևային վահանակներ  մատակարարել ներքին շուկային։ Հաջորդ փուլերում դրանք կարտահանվեն նաև տարածաշրջանային և այլ երկրներ։

Հիշեցնենք, որ արևային վահանակների արտադրության նպատակով, փետրվարի 23-ին կայացած նիստում կառավարությունը որոշեց «ՊՐՈՖՊԱՆԵԼ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատել մաքսատուրքից՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: