Կառավարությունը փետրվարի 2-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված 2017-2018թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին: Գործադիրն առաջնային է համարել էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: Ծրագրով նախատեսված միջոցառումները կօժանդակեն Հայաստանում էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը:
Եթե առաջին փուլի ծրագրի արդյունքներով խնայողությունը կազմել է 8,6 տոկոս, ապա ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 17,9 տոկոսի:
Էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլի ընդունումը պայմանավորված է էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հանգամանքներով, մասնավորապես Հայաստանում սպառվող առաջնային էներգակիրների շուրջ երկու երրորդը ներկրվում է, ինչն ինքնին խոցելի է դարձնում երկրի էներգետիկ անվտանգությունը՝ հաշվի առնելով ՀՀ աշխարհաքաղաքական իրավիճակը: Էներգաարդյունավետության խթանումը կկրճատի առաջնային էներգիայի պահանջարկը՝ համամասնորեն կրճատելով նաև ներկրվող վառելիքի ծավալները:
Էներգակիրների գների աճն առաջացնում է խնդիրներ դրա մատչելիության և սոցիալական ապահովվածության հետ կապված։ Այն բացասաբար է ազդում նաև տնտեսության մրցունակության վրա։
Հաշվի առնելով այս և այլ գործոնները՝ ծրագիրն ամրագրել է, որ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությունն այլընտրանք չունի: Այն կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և պայմաններ կստեղծի տնտեսության զարգացումն ապահովելու համար։