ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր` դեկտեմբերի 26-ին նախարար Աշոտ Մանուկյանը հյուրընկալել է հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին՝ դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ:
-Ընդերքն այն եզակի ոլորտներից է, որն ունի զարգացման վիթխարի ներուժ: Վստահ եմ, որ 2017 թվականին կկարողանանք այդ ներուժն ամբողջությամբ իրացնել, ընդերքի ոլորտը դարձնել այն շոգեքարշը, որն էներգետիկայի հետ համատեղ մեր երկրի տնտեսությունը կքաշի դեպի զարգացում և առաջընթաց։ Կառավարության ծրագրերը ընդերքի ոլորտի հետ կապված իսկապես հավակնոտ են, և մենք պարտավոր ենք իրականացնել մեր առջև դրված պարտականությունները, - ասել է Աշոտ Մանուկյանը:
Նախարաը ընդերքի ոլորտում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի «Հայաստանի Հանրապետության ընդերքի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով խրախուսել է երկրաբան, կենսաթոշակառու Ալբերտ Մաթևոսյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լեռնային արտադրամասի էքսկավատորային տեղամասի էքսկավատորավար Արամայիս Համբարձումյանին, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի լեռնային տեղամասի պետ Պավլիկ Խաչատրյանին, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լեռնային արտադրամասի հորատման հաստոցի մեքենավար Գրիգոր Օհանջանյանին:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ոսկե մեդալով պարգևատրվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Օգտակար հանածոների պաշարների գործակալության բաժնի պետ Հրանտ Ավետիսյանը: