ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր հանդիսավորությամբ նշվել է Էներգետիկի մասնագիտական տոնը: Նախարար Աշոտ Մանուկյանը շնորհավորել է հանրապետության էներգետիկներին` Էներգետիկի օրվա առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
-Էներգետիկայի ոլորտը մեր երկրի ողնաշարն է, մեր տնտեսության հիմքերի հիմքը, առանց որի երկրի զարգացումը գրեթե անհնար է: Էներգետիկայի և բնական բաշարների ոլորտը այսօր ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի ոչ պակաս, քան 60 տոկոսը։ Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք և կարող ենք զարգացնել մեր տնտեսությունը, որպեսզի շատ ավելի լավ երկիր թողնենք մեր սերունդներին,- ասել է նախարարը:
Աշոտ Մանուկյանը ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի անունից պարգևներ է հանձնել ոլորտի վաստակաշատ մասնագետներին։
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկի շահագործման հանձնման 40-ամյակի կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ճարատարագետի տեղակալ Աշոտ Օրդուբեկյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով, ընկերության տեխնիկական տեսչության պետ Հովհաննես Կոչնակյանը՝ Երախտագիտության մեդալով:
Էներգետիկայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Էներգետիկի օրվա առթիվ և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի շահագործման հանձնման 40-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր ճարտարագետի անվտանգության և հուսալիության գծով տեղակալ Վովիկ Աթոյանը և ճարտարագիտա-տեխնիկական աջակցության բաժնի առաջատար ճարտարագետ Արարատ Աբրահամյանը:
Նախարար Աշոտ Մանուկյանը էներգետիկայի ոլորտում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով խրախուսել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Նաիրի Ադամյանին, «Աղստև» մասնաճյուղի տնօրեն Նիկոլայ Ղալթախչյանին, «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրինության տնօրեն Դավիթ Ղազինյանին, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ ՀԷԿ-երի շահագործում մասնաճյուղի «Արգել» ՀԷԿ-ի տուրբինային սարքավորումների վարպետ-կռունկավար Գեղամ Գաբրիելյանին, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ կաթսատուրբինային արտադրամասի տուրբինային սարքավորումները նորոգող 6-րդ կարգի փականագործ Սամվել Սամվելյանին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Հրազդան-5» հիմնարկի էլեկտրատեխնիկական արտադրամասի պետի տեղակալ Ալեքսան Երիցյանին, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Հարավային» մասնաճյուղի բարձր լարման օդային գծերի ծառայության IV կարգի էլեկտրամոնտյոր Դերենիկ Թանգյանին, «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ «Շամբ» հիդրոէլեկտրակայանի հերթապահ ինժեներ Արբակ Սարգսյանին: