Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

21.11.2016

Ստորագրվեց խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվեց Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը։ Փաստաթուղթը ստորագրեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, «Վեոլիա» ընկերության Արևելյան Եվրոպայի գծով փոխնախագահ, Հայաստանի  ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին և «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն՝ Կրիստիան Լըֆեն։

Պայմանագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

Այդպիսով՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձավ Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարիների համար: Ընկերությունն իր վարձակալական պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թվականի հունվարի 1-ից:

Պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու համար մրցույթը հայտարարվել էր այս տարվա մարտին։ Մրցույթի հայտերի ընդունման համար սահմանված ժամկետում պատշաճ  մրցութային փաթեթներ էին ներկայացրել նախաորակավորման փուլ անցած չորս՝ «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ, «Դեկոն Ինտերնացիոնալ», «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությունները և «ՋիԷմբի Էյչ», «ԿՈՆՍՈՒԼԱԿՎԱ Համբուրգ Եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ», «ԵՎՐԱՎԱՍԵՐ» կոնսորցիումը:

Հաղթող էր ճանաչվել «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերության ներկայացրած հայտը: Ըստ այդմ, հաջորդ տարվա հունվարի 1-ից խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման ծառայությունները կիրականացնի մեկ միասնական վարձակալ` ի դեմս Ֆրանսիական «Վեոլիա» ընկերության կողմից ստեղծված «Վեոլիա Ջուր» ընկերության: