ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում նոյեմբերի 18-ին անցկացվեց հանրային քննարկում՝ ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով ընդունված օրենքների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցեցին Բնապահպանության նախարարաության, հասարակական կազմակերպությունների, գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը շնորհակալություն հայտնելով քնարկման մասնակիցներին հրավերն ընդունելու համար, նշեց, որ պատրաստ են լսել և հաշվի առնել շահագրգիռ կողմերի կառուցողական առաջարկները:
Վ. Գևորգյանը տեղեկացրեց, որ օրենդրական փոփոխությունները իրականացվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ և Բնապահպանության նախարարության մասնակցությամբ: Փորձ է արվել կարգավորել շրջակա միջավայրի և մարդու առողջության հետ կապված խնդիրները:
Ներկայացնելով «Ընդերքի մասին օրենսգրքում», «Թափոնների մասին» «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը, ընգծեց, որ դա պայմանավորված է օրենսդրական դաշտում առկա չլուծված՝ ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման հարցերը կարգավորելու և հստակեցնելու նպատակադրումով: Օրենսգրքում «ընդերքօգտագործում» հասկացության մեջ ներառվել է նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակումը: Սակայն դրա համար լրացուցիչ թույլտվություն տալու անհրաժեշտություն չի լինի, քանի որ այն հանդիսանալու է օգտակար հանածոի արդյունահանման թույլտվության մաս:
Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝ ընդերքօգտագործողները հանքի շահագործման ընթացքում և փակումից հետո պարտավոր են իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումներ` շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը հասցվող վնասը և վթարները կանխարգելելու, նվազագույնի հասցնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում: Մասնակիցները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը և նկատառումները:
Պայմանավորվածություն ձեռք բերեվեց՝ հնչեցված հարցերի վերաբերյալ առաջարկությունները գրավոր ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ևս մեկ անգամ քննարկելու և օրենսդրական առաջիկա փոփոխություններում հաշվի առնելու համար: