Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

14.11.2016

Կվերանայվի փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման

   Անհրաժեշտ է վերանայել Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման, որը հաստատվել է դեռևս 2009 թվականին։ Վարչապետի հանձնարարությամբ քննարկելով հարցը՝ նման եզրակացության են եկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները։  

   Համաձայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի,  փոքր ՀԷԿ-երի զարգացման 2009թ. հաստատված սխեման, ըստ էության, խախտված է։ Մասնավորապես կան անհամապատասխանություններ սխեմայում ամրագրված փաստացի ջրօգտագործման թույլտվությունների և գործունեության լիցենզիաներով տրամադրված ցուցանիշների միջև.

   -Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվել է կառավարությանը 2009թ. հունվարի 22-ին ընդունված արձանագրային որոշումը ճանաչել ուժը կորցրած և ֆինանսական միջոցների առկայության պարագայում, համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, մշակել փոքր ՀԷԿ-երի զարգացման նոր սխեմա։

   Բացառությամբ կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրերով կամ կառավարության կողմից հավանության արժանացած և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություն անցած ներդրումային ծրագրերով ներառված ՀԷԿ-երի, առաջարկվել է չտրամադրել ջրօգտագործման նոր թույլտվություններ՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման համար։

   Հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ քննարկվել են նաև բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 15 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմի կիրառման հետ կապված հարցերը։ Առաջարկվել է սակագների ձևավորման սկզբունքներում ներառել բնապահպանական նորմեր ապահովելու համար հիմնավորված ծախսերը։