Հոկտեմբերի 26-ին Երեւանում տեղի ունեցավ բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կայուն զարգացման խթանմանը: Համաժողովին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ կառավարության, Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների համաժողովի ու միջոցառումը հյուրընկալող Երևան քաղաքի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ և փորձագետներ:
Համաժողովի ընթացքում, ի սատարումն Արևելյան գործընկերության երկրներում տեղական իշխանությունների, Եվրոպական հանձնաժողովը տվեց 2 կարևոր նախաձեռնության մեկնարկը՝ ԵՄ քաղաքապետերը նոր տնտեսական աճի համար նախաձեռնությունը և Քաղաքապետերի արևելյան դաշնագրի երկրորդ փուլը, որոնք համապատասխանաբար ուղղված են գործարար ոլորտին ու էներգաարդյունավետությանը:
Ողջույնի խոսքում համաժողովի մասնակիցները կարևորեցին Եվրոպական Հանձնաժողովի կողմից իրականացվող աջակցությունը Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային և տեղական իշխանություններին: Բանախոսները բարձր գնահատեցին տեղական իշխանությունների դերը ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումները, ապակենտրոնացումը, տեղական կայուն զարգացումը խթանելու հարցում:
Կոնֆերանսի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր Քաղաքապետերի արևելյան դաշնագրին: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ պարոն Հոա-Բիհն Աջեմյանը:
Հայկ Հարությունյանը կարևորեց ազգային քաղաքականության և ազգային էներգաարդյունավետության շրջանակներում Էներգախնայողության գործողությունների ծրագիրը, որպես պետական մակարդակի գործողությունների փաստաթուղթ։ Նշվեց, որ էներգախնայողության որոշ ծրագրեր Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ իրականացվել են: Առանցքային ռազմավարությունների և տեղական նախաձեռնությունների իրականացման գործում փոխնախարարը առանձնացրեց քաղաքապետերի դերը որպես ռազմավարական գործողությունների պլանների առանցքային իրականացնողներ:
Համաժողովի ավարտին ներկայացվեց առաջիկա 2017թ. առաջարկությունների փաթեթը: Ընդգծվեց, որ կկիրառվի խիստ ընտրություն, որպեսզի աջակցություն իրականացվի միայն այն ծրագրերի նկատմամբ, որոնք հետագայում կարող են ծառայել որպես օրինակներ այլ քաղաքների համար: