Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

01.11.2016

Քայլեր են արվում ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար

Ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանում կկառուցվեն արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ցանցային կայաններ։

 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարվա սկզբին «Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի» շրջանակներում միջազգային խորհրդատվական ընկերության կողմից կպատրաստվեն ընտրված տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները և մրցութային փաթեթները։ Դրանք  հիմք կհանդիսանան Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում արևային էլեկտրակայանների սակագների մրցութային կարգով ձևավորման համար:

Խորհրդատվական ընկերության կողմից արդեն իսկ ընտրվել են ֆոտովոլտային կայանների կառուցման 6 տեղանքները։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նպատակահարմար և առավել արդյունավետ են համարվել Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի տարածաշրջանները։

Հիշեցնենք, որ արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը` Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել են «Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում» ծրագիրը: Ուսումնասիրվել են ֆոտոէլեկտրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում։

Այսօր Հայաստանում կան տեղադրված ցուցադրական ֆոտովոլտաիկ մոդուլներ: Սակայն դրանց հզորությունները չափազանց փոքր են։ Գերմանական և ամերիկյան տեխնոլոգիաներով այդպիսի ֆոտոէլեկտրական փոխակերպիչներ կան տեղադրված մասնավորապես Երևանի հայ-ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի ինստիտուտում), որոնց հզորությունը կազմում է 9,8 կՎտ։