Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

28.10.2016

Քննարկվեցին էներգետիկայի ոլորտում հայ-վրացական համագործակցության հեռանկարները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 28-ին հյուրընկալեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Քննարկվեցին էներգետիկայի ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Սագանելիձեն բարձր գնահատեց էներգետիկ ոլորտում հայ-վրացական համագործակցությունը՝ առանձնացնելով այն ընդլայնելու ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը։

Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան տարածաշրջանային համագործակցության ոլորտում առկա հեռանկարներին։ Նշվեց, որ տարածաշրջանային ինտեգրման շրջանակներում առաջիկայում ակնկալվում են մի շարք կարևոր նախագծեր, որոնց հաջող իրականացումը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերի փոխգործակցությունը։

Անդրադառնալով այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ Ա. Մանուկյանը նշեց, որ սահմանված ժամանակացույցի համաձայն իրականացվում են աշխատանքները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ուղղությամբ։ Հայտարարվել է միջազգային մրցույթ՝ առաջին և երկրորդ փուլերի աշխատանքների կատարման նպատակով գլխավոր կապալառուի ընտրության համար։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն հաջորդ տարվա փետրվարին։ Գծի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019թ.։ Ընթացքում են աշխատանքները նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ուղղությամբ։

-Այս ծրագրերի իրականացումը կստեղծի պայմաններ էլեկտրաէներգետիկ ոլորտում Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ միջանցքի գործարկման համար,-նշեց նախարարը։

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրեց նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը և ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի հեռանկարները։