ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերությունը կհամագործակցեն երկրաբանության և ընդերքօգտագործման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության հանքահումքային բնագավառի զարգացման և ամրապնդման համար օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, գնահատման և հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այդ մասին հոկտեմբերի 24-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսգեոլոգիա» ընկերության գլխավոր տնօրեն-վարչության նախագահ Ռոման Պանովը։
Կողմերը մտադիր են զարգացնել համագործակցությունը մի շարք առաջնահերթ ուղղություններով։ Խոսքը, մասնավորապես, պինդ օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի և ստորգետնյա ջրերի նպատակային որոնողական աշխատանքների, հաշվառված բոլոր տեսակի օգտակար հանածոների պահուստային հանքավայրերի երկրաբանատնտեսական վերագնահատման, առավել հեռանկարային հանքավայրերի և հանքերևակումների պաշարների լրահետախուզման և վերահաշվարկման, դրանց յուրացման տեխնիկատնտեսական հիմնավորման, լեռնահանքային և վերամշակող ձեռնարկությունների թափոնների արդյունաբերական գնահատման, օգտահանման և վերամշակման տեխնոլոգիաների մասին է։
Համագործակցության կարևոր ուղղություններից մեկն էլ վերաբերելու է նավթի և գազի երկրաֆիզիկական հետազոտությունների և հորատման աշխատանքների իրականացմանը։
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կընտրի երկրաբանության և ընդերքօգտագործման ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները, կսահմանի երկրաբանական կամ ընդերքօգտագործման օբյեկտները, որտեղ անհրաժեշտ է համագործակցել երկրաբանական ուսումնասիրության, տեխնիկատնտեսական վերլուծության, երկրաբանահետախուզական և այլ աշխատանքների շրջանակներում՝ խնդիրների ձևակերպման և միջնաժամկետ ծրագրերի մշակման նպատակով։