Ռազմավարական նշանակություն ունեցող՝ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը նախատեսվում է տրամադրել մրցութային կարգով։ Այդ նպատակով սեպտեմբերի 29-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն տվեց <Ընդերքի մասին> ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը։
Ներկայումս գործող <Ընդերքի մասին> օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար սահմանված է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միևնույն ընթացակարգը: Այն որևէ կերպ չի կարգավորում ռադիոակտիվ հումքի (որպես ռազմավարական նշանակություն ունեցող հումք) երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը մրցութային կարգով տրամադրելը հնարավորություն կտա կազմակերպությանը ընտրելիս հաշվի առնել վերջինիս` ընդերքօգտագործման ոլորտում ունեցած նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը, մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական և տեխնիկական կարողությունները: