Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.09.2016

Վարչապետը ներկայացրեց ՀՀ ԷԲՊ նոր նախարարին

   Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ներկայացրեց ՀՀ ԷԲՊ նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանին։

Շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքների համար` վարչապետը անդրադարձավ այն առաջնահերթ խնդիրներին, որոնք կանգնած են նախարարության առջև։ ՀՀ ԷԲՊ  նախարարի պաշտոնում Ա. Մանուկյանի նշանակումով՝ կառավարությունը նպատակ ունի բիզնես ոլորտի արդյունավետ կառավարման հմտությունները կիրառել պետական կառավարման ոլորտում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կ. Կարապետյանը նոր նախարարին հանձնարարեց վերանայել նախարարության կառավարման համակարգը և առավելագույնս պարզեցնել այն, իրականացնել ագրեսիվ քաղաքականություն՝ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին մասնակցության առումով, պատշաճ ուշադրություն դարձնել համակարգում իրականացվող վարկային և ներդրումային ծրագրերին, ակտիվ մասնակցություն ունենալ էներգակիրների սակագնային քաղաքականության ձևավորմանը։

   Լ. Յոլյանն էլ իր հերթին  շնորհակալություն հայտնելով նախարարության աշխատակազմին համատեղ գործունեության համար՝ խոսեց համակարգում կատարված աշխատանքների մասին։ Ըստ նրա, իր նախարարական գործունեության կարճ ժամանակահատվածում շատ բան չի հաջողվել անել, այնուհանդերձ, բավական աշխատանք կատարվել է։ Մասնավորապես, վարկային միջոցների շրջանակներում իրականացված մրցույթների արդյունքում հաջողվել է տնտեսել շուրջ 40 մլն դոլար, նոր մոտեցում է ներդրվել սակագնային քաղաքականության մեջ, հիմքեր են ստեղծվել էներգետիկ համակարգի որոշ ընկերությունների ֆինանսական վիճակի բարելավման, Իրանի հետ համատեղ ծրագրերի իրականացման համար։