Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.09.2016

Մշակվել է Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտի զարգացման հայեցակարգի նախագիծը

   Ի կատարումն ՀՀ կառավարության 2016թ. գործու­նեու­թյան միջոցառումների ծրագրի պահանջների՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը։ Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Այն նոր խթան կհանդիսանա ներդրումների ներգրավման համար, ինչը կբարձրացնի Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման աստիճանը:

   Փաստաթղթում հնարավորինս հաշվի են առնված ներկայիս իրողությունները, որոնց հիման վրա ձևավորված է ոլորտի տեսլականը: Հայեցակարգում մատնանշված են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քաղաքականության մշակման հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը, զարգացման ընթացքը և կանխատեսումները: Սահմանված են հիդրոէներգետիկայի հետագա զարգացման առավելությունները` հիդրոէներգետիկ պաշարները, արդեն գոյություն ունեցող հզորությունները, թիրախային ծրագրերը և ոլորտում առկա կարգավորումները։

   Վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որի ճյուղն է հիդրոէներգետիկան, հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը։ Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի կանոնավոր և որակով ապահովման համար անհրաժեշտ է առավելագույնս և արդյունավետ օգտագործել հիդրոէներգետիկ պաշարները: Ոլորտում առկա աշխատանքները ներառում են մասնավոր փոքր ՀԷԿ-երի շարունակական զարգացումը՝ հաշվի առնելով բնապահպանական ներկա խնդիրները և դրանց արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, խոշոր ՀԷԿ-երի վերազինումը և միջին հզորության ՀԷԿ-երի կառուցումը:

   2016 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանի ՀԷԿ-երի ընդհանուր տեղակայված հզորությունը կազմում է մոտ 1275 ՄՎտ: